ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողների մասնագիտական պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշչին և ուսանողների մասնագիտական պրակտիկայի կանոնակարգին համապատասխան` պահպանելով կրթական գործընթացի անընդհատության, հաջորդայնության և շարունակականության սկզբունքը:

2013թ․-ից մանկավարժական համալսարանում ներդրվել է շարունակական մանկավարժական պրակտիկայի նոր մոդել և պրակտիկայի թղթապանակի կիրառման ընթացակարգ։ Նշված նորարության շրջանակներում ուսանողները պրակտիկայի ընթացքում կիրառում են թղթապանակներ, որոնցում ամփոփվում են նրանց անհատական և թիմային աշխատանքի, իրավիճակային վերլուծության և գործունեության ինքնավերլուծության արդյունքները։

Ուսանողների մասնագիտական պրակտիկան ուսանողների կրթական ծրագրի մասն է և իրականացվում է կոնկրետ մասնագիտական գործունեության ոլորտներում՝ պրակտիկայի հիմնարկի և համալսարանի կողմից նշանակված ղեկավարների հսկողությամբ և անմիջական աջակցությամբ։

Պրակտիկայի նպատակը ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումն է, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների ձեռքբերումը կոնկրետ գործունեության ընթացքում, ինչպես նաև ուսումնական նախագծերի, ինքնուրույն հետազոտական աշխատանքների համար ուսումնական ռեսուրսների հավաքագրումն ու ընդհանրացումը:

Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ՀՊՄՀ և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցում ամրագրվում են կողմերի իրավունքներն ու փոխադարձ պարտականությունները։ Պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ մանկավարժական համալսարանը համագործակցում է շուրջ երկու տասնյակ դպրոցների և մանկապարտեզների, 30 մշակութային հաստատությունների, հատուկ և վերականգնողական կենտրոնների, հետազոտական ինստիտուտների և այլ կազմակերպությունների հետ։

Պրակտիկայի ղեկավարումն իրականացվում է ՀՊՄՀ-ի պրակտիկայի կենտրոնի, համապատասխան ֆակուլտետի, մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի և/կամ պրակտիկայի բազայի կողմից նշանակված համապատասխան մասնագետների միջոցով:

Պրակտիկայի անցկացման ժամկետները սահմանվում են ՀՊՄՀ ֆակուլտետների կողմից բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշչի և պրակտիկայի առարկայական նկարագրի (ծրագրի) հիման վրա՝ հաշվի առնելով ուսանողների տեսական պատրաստվածությունը և պրակտիկայի բազայի տեխնիկական հնարավորությունները:

Համալսարանի բոլոր պրակտիկաները մշտադիտարկվում են առցանց ուսուցման Google classroom համակարգային գործիքների օգնությամբ։

Նորություններ